Հաշվողական տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ առաջացել են ծրագրավորման տարբեր տեխնոլոգիաներ: Յուրաքանչյուր փուլում ստեղծվում էին նոր մոտեցումներ, որոնք թույլ էին տալիս ծրագրավորողներին կազմել ավելի և ավելի բարդ ծրագրեր: Օբյեկտկողմնորոշված ծրագրավորման տեխնոլոգիան  իրենից ներկայացնում է  ծրագրեր կազմելու  մի մոտեցում, որը  իր մեջ ներառելով  կառուցվածքային ծրագրավորման տեխնոլոգիայի լավագույն գաղափարները, համատեղում է դրանք նոր, հզոր սկզբունքների  հետ, որոնք թույլ են տալիս օպտիմալ ձևով կազմել ծրագրեր: Այն հնարավորություն  է տալիս խնդիրը տրոհել բաղադրամասերի, որոնցից յուրաքանչյուր դառնում է ինքնուրույն օբյեկտ և իր մեջ պարունակում  է այդ օբյեկտին վերաբերվող կոդերն ու տվյալները: 

ՕԿԾ բոլոր լեզուները, այդ թվում նաև C++,  հիմնվում են 3 կարևորագույն սկզբունքների վրա՝ ինկապսուլյացիա, պոլիմորֆիզմ, ժառանգում, որոնք թույլ են տալիս ճշգրտորեն արտապատկերել դիտարկվող առարկայական ոլորտի կառուցվածքը:

Տվյալ դասընթացի նպատակն է ներկայացնել ՕԿԾ-ման տեխնոլոգիայի հիմնական սկզբունքների և ծրագրավորման լեզուներում այդ սկզբունքների մարմնավորման մեխանիզմները  C++ ծրագրավորման լեզվի օրինակի վրա: Այս դասընթացը շատ արդիական է, քանի որ յուրաքանչյուր ծրագրավորողից ներկայումս պահանջվում է կիրառել ՕԿԾ տեխնոլոգիայի սկզբունքները ծրագրեր կազմելիս: Սակայն պետք է նշել, որ ՕԿԾ-ը  ուսուցանվողների  կողմից բավականին դժվար  ընկալվող թեմաներից մեկն է:  Դասընթացում կներկայացվի համապատասխան տեսական նյութը, սակայն հիմնական ուշադրությունը կբևեռվի այն գործնական օրինակների վրա, որոնք թույլ կտան ոչ միայն հասկանալ տեսությունը այլ նաև հետագայում ծրագրեր կազմելիս տեղին և ճիշտ ձևով օգտագործել ՕԿԾ-ի հզոր գործիքները: